ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Փեթրիոտ» համակարգերի տեղադրումից հետո Թուրքիայի ագրեսիվությունը հարևանների նկատմամբ կմեծանա»

«Փեթրիոտ» համակարգերի տեղադրումից հետո Թուրքիայի ագրեսիվությունը հարևանների նկատմամբ կմեծանա»
21.12.2012 | 00:45

Աշխարհն այսօր շարունակում է կենտրոնում պահել Սիրիայի և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս տեսանկյունից պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ռեկտորի օգնական ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ կարևորում է Մերձավոր Արևելքում Հայաստանի դերակատարումը, քանի որ շատ քիչ երկրներ կան, որ ունեն մեծ ազդեցություն այդ տարածաշրջանում։ Դրանցից մեկը, ըստ Գ. Մելքոնյանի, Հայաստանն է։ Այս տարածաշրջանում մենք ունենք մեծաթիվ ու կազմակերպված հայկական համայնք, ինչն առավելություն է մեր երկրի համար, որն իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում կառուցում է՝ ելնելով նաև հայկական սփյուռքի շահերից։ Սփյուռքն իր հերթին նպաստում է Հայաստանի քաղաքականության իրականացմանը։ «Այսօր Մերձավոր Արևելքում Հայաստանի դիրքերի ամրապնդման տեսակետից կցանկանամ առանձնացնել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա այցը Լիբանան։ Լիբանանն այսօր Մերձավոր Արևելքում մեծ ազդեցություն ունեցող երկրներից է, որտեղ գտնվում է այդ տարածաշրջանում ամենակայացած հայկական համայնքը, որտեղ, ըստ պաշտոնական վիճակագրության, կա մոտ 100 հազար հայ։ Նշեմ նաև, որ Լիբանանում են գտնվում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Հայաստանից դուրս միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը։ ՀՀ նախագահն իր ելույթում հատուկ շնորհակալություն հայտնեց Լիբանանի ժողովրդին, քանի որ այն միակ պետությունն է Մերձավոր Արևելքում, որի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մյուս կողմից էլ, մենք շնորհակալ ենք լիբանանյան ժողովրդին նաև նրա համար, որ հարյուր հազարավոր հայ գաղթականներ Ցեղասպանության հետևանքով կարողացան ապաստան գտնել Լիբանանի արաբ ժողովրդի մոտ՝ հետագայում նաև կարևոր տեղ զբաղեցնելով այդ երկրի ներքին կյանքում»,- նշում է Գ. Մելքոնյանը։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայում տեղակայվող «Փեթրիոտ» համակարգերին՝ պատմաբանը նշում է, որ այդպիսով Մերձավոր Արևելքում ստեղծում է նոր ռազմաքաղաքական իրավիճակ. «Կարծում եմ՝ այդ համակարգերի տեղակայումն ուղղված է ոչ թե Սիրիայի, այլ Իրանի դեմ։ Թուրքիան այդպիսով դառնում է է՛լ ավելի հզոր, սակայն է՛լ ավելի կառավարելի ՆԱՏՕ-ի, հատկապես ԱՄՆ-ի կողմից։ Համոզված եմ, որ ապագայում մենք ականատես կլինենք տարածաշրջանում Թուրքիայի ավելի ագրեսիվ քաղաքականությանը, ինչը կարտահայտվի տարբեր բնագավառներում՝ ինչպես քաղաքական, տնտեսական, ռազմական, այնպես էլ կրտսեր եղբայր Ադրբեջանին նոր սադրանքների հրահրմամբ, որպեսզի կարողանա իր ազդեցությունը պահպանել Ադրբեջանի վրա և փորձի ապակայունացնել տարածաշրջանային իրավիճակը՝ շեղելով հայկական դիվանագիտության ուշադրությունը Հայոց ցեղասպանության խնդրից»։
Թուրքիայում «Փեթրիոտ» համակարգերի տեղադրումից հետո, ըստ Գ. Մելքոնյանի, Հայաստանը կարիք ունի նոր դաշնակիցների։ Եվ շատ կարևոր է, որ մեր լոբբիստական և ՀՀ արտաքին քաղաքականության զինանոցում եղած ծրագրերը կարողանանք իրականացնել արաբական երկրներում. «ՀՀԿ 14-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես առանձնացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։ Այդ հարցում, ըստ իս, մենք անելիքներ ունենք արաբական երկրներում։ Եթե այս խնդիրը կարողացել ենք հաջողությամբ լուծել Լիբանանում, ապա արաբական մյուս երկրների կողմից, որտեղ կա ազդեցիկ սփյուռք, և որտեղ Թուրքիայի ազդեցությունը բավականին փոքր է, Ցեղասպանությունը դեռևս չի ճանաչվել։ Մերձավոր Արևելքում մեր քաղաքականությունը կառուցելիս պետք է հիմնվենք սփյուռքի վրա և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ է՛լ ավելի ակտիվացնենք քայլերը։ ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման օգտին Հայաստանի քվեարկումը մեր կողմից արաբական երկրներին մեկնած ձեռք էր։ Սա նշանակում է, որ մենք պատրաստ ենք նրանց աջակցելու և դրա փոխարեն սպասում ենք արաբական երկրների պատասխանին»։
Գ. Մելքոնյանն անդրադարձավ մի շատ կարևոր խնդրի ևս. Թուրքիայի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ թուրքական կողմը պատրաստ է Արևմտյան Հայաստանում տրամադրելու տարածքներ սիրիահայերին, որպեսզի վերջիններս կարողանան վերադառնալ այնտեղ։ «Սա շատ խորամանկ քայլ է՝ արված Թուրքիայի դիվանագիտության կողմից։ Ցավում եմ, որ դրան պատասխան չտրվեց։ Փաստորեն, Թուրքիան այդպիսով ցանկանում է Սիրիայի, Լիբանանի ամուր, հզոր հայկական համայնքները պառակտել, մյուս կողմից էլ՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենք որևէ խնդիր չունեն հայերի հետ, և նրանց կողմից Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների սրման։ Սա մեզ քաշում է մի խաղի մեջ, որի արդյունքում միջազգային հանրությունը կերկմտի՝ ճանաչե՞լ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ։ Թուրքական դիվանագիտության նման խայծերի դեմ պայքարելու համար մեզ պետք են նաև արաբական պետությունները։ Գիտեք, որ ԼՂՀ խնդիրը բազմիցս քննարկվել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության շրջանակներում՝ ընդունելով ադրբեջանամետ որոշումներ։ Սակայն այստեղ հիմնական դերակատարումն ունեն արաբական երկրները, որոնք այսօր թեև պառակտված են, սակայն կարող են «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունում հնարավորինս չեզոքացնել հակահայկական որոշումների ընդունումը։ Այս համատեքստում նախագահի՝ Լիբանան կատարած այցը կնպաստի, որպեսզի արաբական երկրներից ունենանք դրական քաղաքականություն և կարողանանք որոշակիորեն մեղմել «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության և ընդհանրապես մահմեդական կառույցներում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը։ Ի դեպ, նույն արաբական երկրներն այսօր նույնպես տառապում են Թուրքիայի ագրեսիայից։ Այս համատեքստում Մերձավոր Արևելքում Հայաստանն ունի մեծ զենք՝ ի դեմս սփյուռքի, և մեր դիվանագիտության թիվ մեկ խնդիրը պետք է լինի, ի հեճուկս թուրքական իշխանությունների, կարողանալ այդ սփյուռքը պահպանել՝ այդ լծակներն օգտագործելով ինչպես Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում հաջողության հասնելու համար»,- նշում է Գ. Մելքոնյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ